Զաքար Ջերեջյանը ծնվել է 1962 թ.-ի հուլիսի 27-ին ՀՀ մայրաքաղաք Երևանում: 1969-1979 թթ հաճախել է Ֆրանսիայում ազգային հերոս, բանաստեղծ Միսաք Մանուշյանի անվան ֆրանսիական թեքումով N 48 միջնակարգ դպրոցը: Գերազանց առաջադիմության վկայականով ավարտում է դպրոցը և 1979թ.-ին ընդունվում Գյուղատնտեսական Ինստիտուտ՝ Գինեգործության Տեխնոլոգիաներ ֆակուլտետ: 5-ամյա տքնաջան ուսման ընթացքում ձեռք բերելով անհրաժեշտ գիտելիք ու փորձ՝ նա ավարտում է ինստիտուտը 1984 թ.-ին՝  իր սիրած մասնագիտությունը շարունակելու և այդ ոլորտում աշխատելու հաստատուն որոշմամբ: 1985 -1986 թթ Զաքար Ջերեջյանն աշխատում է «Մխչյան» Գինու Գործարանում սկզբից որպես ինժիներ-տեխնոլոգ, այնուհետև որպես սպիրտի արտադրության պետ, իսկ որոշ ժամանակ անց նաև որպես գինու/կոնյակի արտադրության գլխավոր մասնագետ: 1986-2002 թթ Զաքար Ջերեջյանն աշխատում է Սննդի Նախարարության ենթակայության տակ գտնվող«Արարատ տրեստ»-ի Կենտրոնական Լաբորատորիայում որպես կոնյակի առաջին կարգի մասնագետ-տեխնոլոգ: Հետագայում՝ ջանասեր աշխատանքի ու մասնագիտական բարձր հմտությունների շնորհիվ նա դառնում է արտադրության պետ: Զուգահեռաբար նա աշխատում էր իր թեզի վրա ԽՍՀՄ «Մագարաչ» Ինստիտուտում մի թեմայով, որը նորամուծություն էր դառնալու հետագայում՝ կոնյակի սպիրտերի հնեցման տեխնոլոգիայում: Թեզի թեման էր՝ «Կոնյակի սպիրտի հնեցման արագացման մեթոդներ»:

Բացի կոնյակի առաջնակարգ մասնագետ լինելուց, Զաքար Ջերեջյանը նաև մեծ սեր է ունեցել սպորտի՝ հատկապես «Ֆուդոկան կարատե»-ի հանդեպ: Այս ոլորտում էլ գրանցել է որոշ ձեռքբերումներ՝ նվաճելով սև գոտի,  I -ին դան: Զարգացնելով իր որակավորումը՝ պրն. Ջերեջյանն աշխատել է նաև որպես կարատեի մարզիչ: 1994-1995 թթ եղել է Անվտանգության Ծառայության ղեկավար:

1997թ-ին Զաքար Ջերեջյանը վերադառնում է իր մասնագիտությանը և գերծընկերոջ հետ հիմնադրում  «Ադաստրա» անվանմամբ ալկոհոլի սեփական ՓԲԸ-ն: 2002 թ.-ին տեղափոխվում է Երևանի Կոնյակի Գործարան՝ Այգեվանի մասնաճյուղ` որպես գինու/կոնյակի արտադրության պատասխանատու և գլխավոր մասնագետ։

2006-2007 թթ նա մեկնում է Ֆրանսիա, Կոնյակ քաղաք՝ կոնյակի արտադրության նոր տեխնոլոգիաների ոլորտում որակավորում ստանալու: 6 ամիս ընթացող որակավորման կուրսերից հետո Զաքար Ջերեջյանը առաջարկում է սպիրտի թորման տե[նոլոգիայի սկզբունքորեն նոր մեթոդ՝ պատմական «Շարանտական» ապարատով: Նրա նորամուծությունը ընդունվում է հավանությամբ և հաստատվում Ֆրանսիայի Կոնյակի Ազգային Միջմասնագիտական Բյուրոյի կողմից, որի արդյունքում 2007 թ․-ից պրն․ Ջերեջյանը դառնում է վերոնշյալ (BNIC) բյուրոյի պատվավոր թղթակից անդամ: Զաքար Ջերեջյանին շնորհում են «Կոնյակի արտադրության առաջին կարգի (Premium)  մասնագետ»-ի սերտիֆիկատ: 2003-2016 թթ․ պրն. Ջերեջյանն աշխատում է Երևանի Շամպայն Գինիների Գործարանում՝ որպես կոնյակի գլխավոր մասնագետ և գինու/կոնյակի արտադրության բաժնի վարիչ:

Բացի մասնագիտական ձեռքբերումներից, նա զարգացած, խելացի և շատ պատասխանատու մարդ է: Ամուսնացած է 1984թ.-ից, ունի երկու զավակ: Հոգատար հայր է և նվիրված մարդ թե՛ իր մասնագիտությանը, թե՛ ՝ընտանիքին ու ընկերներին: Վայելում է շրջապատի վստահությունն ու հարգանքը:

Զաքար Ջերեջյանի նախասիրություններից է երաժշտությունը: Լավ կիթառ է նվագում, նաև հրաշալի երգում է: Սիրելի կատարողներից են Սթիվի Ուոնդերը և լեգենդար Բիթլզ խումբը: Սիրած գրողներից առանձնացնում է Գաբրիել Գարսիա Մարկեսին՝ «Հարյուր տարվա մենություն» վեպով, իսկ ռուս գրականությունից Մ. Բուլգակովին՝ իր հանրաճանաչ «Վարպետն ու Մարգարիտան» վեպով:

Զաքար Ջերեջյանը գերազանց տիրապետում է հայերեն, ռուսերեն և ֆրանսերեն լեզուներին:

Նա պատվով մեկտեղում է ազնիվ մարդու, հրաշալի մասնագետի, ընտանիքի նվիրված հոր և ուղղակի լիդերի սոցիալական դերերը: